Քաղաքական

06.06.2016 15:30


Հ. Բիշարյան. «Հայկ Խանումյանի ակտիվության հետ կարելի է կապել տեղի ունեցածը»

Հ. Բիշարյան. «Հայկ Խանումյանի ակտիվության հետ կարելի է կապել տեղի ունեցածը»

ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դատապարտելի և անընդունելի է համարում ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելը։

–Բնականաբար, իր ակտիվության հետ կարելի է կապել տեղի ունեցածը. նա ակտիվ էր վերջին օրերին, և տեղի ունեցավ այդ միջադեպը, որը մեզ համար դատապարտելի և անընդունելի է։ Եթե անձեռնմխելի անձ է, Ազգային ժողովի պատգամավոր, ինչպե՞ս կարելի էր այդպես հեշտությամբ նման իրավիճակում հայտնվել,– «7օր»–ի հետ զրույցում նշել է Հ.Բիշարյանը։

Մեր հարցին՝ կապ տեսնո՞ւմ է արդյոք Հայկ Խանումյանի սկսած՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու նախաձեռնության հետ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը նշել է.

–Սա իրավապահ մարմինների խնդիրն է, որ այդ կապը հաստատեն կամ տեսնեն, բայց տրամաբանորեն կարող ես մտածել, որ իր ակտիվության հետ կապված կարող է լինել։ Այո, տրամաբանորեն հնարավոր եմ համարում, բայց հիմնարար ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև դա, կարծում եմ, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում պետք է լինի, որ ծեծի է ենթարկվել անձեռնմխելի անձ, պատգամավոր, այն էլ՝ ընդդիմադիր ակտիվիստ։ Սրանք բոլորը հիմքեր են, որպեսզի անպայման ուսումնասիրության կենտրոնում լինի և ընկալելի, թե ինչ է տեղի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը