Քաղաքական

20.07.2016 15:23


«Սասնա ծռերից» մի քանիսի հարազատները խնդրում են վերադարձնել իրենց որդիներին

«Սասնա ծռերից» մի քանիսի հարազատները խնդրում են վերադարձնել իրենց որդիներին

Այսօր՝ հուլիսի 20–ին, ոստիկանության կազմակերպած ասուլիսի ժամանակ զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները դիմել են հանրությանը` իրենց տղաներին վերադարձնելու խնդրանքով։

Մասնավորապես, Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, ասել է, որ որդին ընդամենը հուլիսի 13–ին է վերադարձել Ռուսաստանից և մի քանի օր հետո կրկին պատրաստվում էր մեկնել։

–Ինչ այս խառնաշփոթը սկսվեց, այլևս լուր չունենք տղայիցս։ Նա ծառայած չի, անգամ զենք չի բռնել ձեռքը, չի ճանաչում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Ինձ ասել էր՝ մեկ ժամով ցույցի է մասնակցելու ու վերադառնա, բայց դեռ լուր չունենք,–պատմել է Էդգարի հայրը։

Նա նշել է, որ ինքը պատկերացում չունի անգամ՝ ինչպես տղան կարող էր այդ խառնաշփոթի մեջ հայտնվել.

Կոչ եմ անում մարդկանց, լրագրողներին, Պավել Մանուկյանին, որ թողեն՝ տղես տուն գա։ Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, նա՛ է իմ միակ խնամակալը։

Պապիկյան Մարինեն էլ՝ 26–ամյա Հովակիմյան Գառնիկի մայրը, նույնպես տեղեկություն չունի տղայից։

Ամսի 16–ի երեկոյան գնացել է, ու էլ տեղեկություն չունեմ։ Ասել էր՝ ցույցի ենք։ Հաջորդ օրը առավոտյան եմ խոսել հետը, ձայնն արձագանքում էր։ Ասաց՝ ինչ–որ շենքում են, բայց կոնկրետ չգիտեն, թե ինչ շենք է,–ասել է Գառնիկի մայրը։

Գառնիկը նույնպես ապրում է Ռուսաստանում։ Ամուսնացած է, ունի երեխաներ։Հայաստան էր եկել անձնագիրը փոխելու նպատակով։

Ի դեպ, ԳԱԼԱ-ին հաջողվել է զրուցել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Էդգար Սողոմոնյանի հետ.

-Էդգա՛ր, ձեր ծնողները ասուլիս են տալիս ոստիկանությունում ու հայտարարում են, որ ձեզ խաբեությամբ են տարել ՊՊԾ գնդի տարածք.

-Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել. ես իմ ցանկությամբ եմ եկել, որեւէ մեկն ինձ չի ստիպել, առեւանգություն էլ չկա:

-Ինչո՞ւ որոշեցիք միանալ «Սասնա ծռեր» խմբին. ձեր ծնողներն ասում են, որ դուք ՌԴ-ում էիք ու դարձյալ պատրաստվում էիք առաջիկայում մեկնել երկրից:

-Ես իմացա, որ մեր արյուն թափած հողերը հետ են տալիս, ես էլ եկել եմ, որ օգտակար լինեմ, ոչ մի պարտադրանք չի եղել, ոչ մի ստիպողաբար բան. մեր հողերը տալիս են, ես հայ մարդ եմ, հայրենասեր տղա:

-Դուք միանո՞ւմ եք «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների պահանջին, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

-Այո՛։

«Ա1+»–ին էլ Էդգար Սողոմոնյանն ասել է. «Ինձ ոչ ոք չի ստիպել. ստեղ ստիպողական ոչ մի բան չկա. եկել եմ իմ կամքով՝ իմ հայրենիքը պաշտպանելու համար, որ Սերժը վեր կենա գնա էդ աթոռից»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը