Տնտեսական

26.12.2009 11:00


Տ. Սարգսյան. «Մեր նորագույն պատմության մեջ 2009 թվականը լի էր փորձություններով»

Տ. Սարգսյան. «Մեր նորագույն պատմության մեջ 2009 թվականը լի էր փորձություններով»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ ամփոփել անցնող տարին։

«2009 թվականի արդյունքներն ամփոփելու համար կարծում եմ դեռեւս մեզ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք խորքային գնահատականներ տալ, թե ինչպիսի մարտահրավերների հետ էինք առնչվում, որոնք էին էական գործընթացները, որոնք' ժամանակավոր։ Իհարկե, ապագայում մենք կկարողանանք ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ։
Ակնհայտ է, որ մեր նորագույն պատմության մեջ 2009 թվականը լի էր փորձություններով, դժվարություններով։ Մեր երիտասարդ պետությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք նույնիսկ նման ծանր արհավիրքներ հաղթահարել մեզ համար մինիմալ կորուստներով։ Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական աննախադեպ ճգնաժամն իր ծավալներով, հետեւանքներով եւ գլոբալ ազդեցությամբ, բնականաբար, չէր կարող շրջանցել նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Այս առումով 2009 թվականի մակրոտնտեսական վերլուծությունը ես արդեն իսկ ներկայացրել եմ Ձեր ուշադրությանը' Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության հաշվետվությունը։ Այս ճգնաժամն ակնհայտորեն բացահայտեց մեր թույլ կողմերը։ Միևնույն ժամանակ այս ճգնաժամը մեզ դասեր է տալիս. մենք պարտավոր ենք ավելի համարձակ լինել բարեփոխումների իրականացման գործում, պարտավոր ենք դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր տնտեսությունը, իրականացնել բարեփոխումներ, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ, որը ժամանակակից աշխարհում այլընտրանք չունի' մասնավոր ներդրումներ ներգրավելու, գրավչությունն ավելացնելու առումով։ Այստեղ մեր տնտեսությունը դեռեւս մնում է խոցելի եւ մեր անելիքներն էլ այդ առումով ակնահայտ են։
Արդյո՞ք կառավարության կողմից ընտրված հակաճգնաժամային ռազմավարությունն այլընտրանք ուներ։ Իհարկե, մենք զերծ չէինք բազմաթիվ քննադատություներից։ Մեր հակաճգնաժամային ծրագրի քննադատները քիչ չէին, բայց մեր համագործակցությունը Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, միջազգային այլ կազմակերպությունների հետ ցույց են տալիս, որ մենք ընտրել էինք արդյունավետ եւ ճիշտ ռազմավարություն։ Մասնավորապես, մենք կտրուկ ավելացրեցինք մեր ծախսերը' ուժեղացնելով ենթակառուցվածքները։ Դա մեր հակաճգնաժամային ծրագրի կարեւոր ռազմավարություններից էր։ Արդյունքում'
2009 թվականի ընթացքում պետությունը ծախսել է շուրջ 900 մլրդ դրամ, այն պարագայում, երբ 2008 թվականին մենք ծախսել էինք 810 մլրդ դրամ։ 2008 թ. մենք արձանագրում էինք տնտեսական աճ, 2009 թ. արձանագրեցինք շուրջ 15 տոկոսանոց անկում, բայց 2010 թվականի ճգնաժամի պարագայում անգամ մեզ հաջողվեց ծախսերը շուրջ 100 մլրդ դրամով ավելացնել։ Բնականաբար, ծախսերի ավելացումը խթանեց տնտեսության որոշ ոլորտների զարգացումը, ավելացրեց մեր քաղաքացիների դիմադրողականությունը, որովհետեւ 2009 թվականին մենք ավելացրել ենք թոշակները 16 տոկոսով, աշխատավարձերը' 11 տոկոսով, ընդ որում, աշխատավարձերի աճ ենք արձանագրել ոչ միայն պետական հատվածում, այլեւ մասնավոր հատվածում։ Եվ այս ամենը կատարվել է 15 տոկոս տնտեսական անկման պայմաններում։ Աղետի գոտում ստեղծել ենք շուրջ 3000 նոր աշխատատեղեր։ Այստեղ մենք իրականացրել ենք մեծածավալ շինարարական աշխատանքներ, եւ այդ աշխատանքները շարունակվելու են 2010-2011 թվականներին։ Մենք կառուցել ենք 415 կմ ճանապարհ, ընդ որում, ե՛ւ գյուղական, ե՛ւ հանրապետական նշանակության ճանապարհներ։ Դա նշանակում է, որ 1000-ից ավելի աշխատատեղեր ենք ստեղծել միայն այդ ոլորտում։ Ոռոգման համակարգում մենք կառուցել ենք 300 կմ ջրագիծ։ Այս աշխատանքները 2010-ին շարունակվելու են, մենք կառուցելու ենք ավելի քան 500 կմ ջրագիծ։ Այսինքն, ենթակառուցվածքները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում եւ ստեղծվելու են նոր աշխատատեղեր։
Ընդհանուր առմամբ 2009 թվականին մենք գրանցել ենք շուրջ 8000 գործազուրկների ավելացում, այն պարագայում, երբ ունեցել ենք աննախադեպ տնտեսական անկում, որի 40 տոկոսը շինարարության ոլորտում է։ Իսկ այս ոլորտում ֆինանսավորումը հիմնականում իրականացվում էր Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից եկող ներդրումների հաշվին։
Միեւնույն ժամանակ, այս պրոբլեմների ներքո մենք ունեցել ենք նաեւ հաջողություններ։ Մասնավորապես, ուզում եմ արձանագրել, որ ՏՏ ոլորտում մենք 2009 թվականին արձանագրելու ենք 3,5 տոկոսանոց աճ։ Դա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը' դուք տեղյակ եք, որ մենք ունենք Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդ, որտեղ ներառված են այդ ոլորտի առաջատար ձեռնարկությունների ղեկավարները։ Նրանց հետ միասին մենք 2008-2009 թվականների ընթացքում իրականացրել ենք լուրջ միջոցառումներ, որոնք բարելավել են միջավայրն այս ոլորտում։ Տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսակետից ՏՏ ոլորտը գերակայություն է մեզ համար, եւ չափազանց կարեւոր է, որ այս ճգնաժամի տարիներին այն նույնպես դիմացել է փորձությանը եւ ավելին, կարողացել է իր դիրքերն ամրապնդել։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ 2009 թվականի սկզբին Հայաստանում ինտերնետի ապահովումը հասնում է 1 գբ վայրկյանում, տարվա վերջին մենք ունենք 2,1 գբ վայրկյանում։ Չափազանց կարեւոր է, որ ինտերնետի գներն այս տարվա ընթացքում երկու անգամ նվազել են, եւ այս միտումը պահպանվելու է նաեւ 2010 թվականին, ինչը մեզ համար էական նշանակություն ունի։ ՏՏ ոլորտում հայտնվեց նոր Orange ընկերությունը, որը բարձրացրեց ոլորտում մրցունակությունն ու մրցակցությունը։ Արդյունքում մենք այսօր իսկ ունենք բաժանորդների կրկնապատիկ աճ, որոնք օգտվում են ինտերնետից։ Մենք տարին սկսել ենք 75 000 բաժանորդներով, այս պահի դրությամբ ունենք 150 000 բաժանորդներ։ Ընդ որում, GPRS բաժանորդների քանակն արդեն իսկ կազմում է 700 000 հոգի։ Այսինքն, 2009 թվականի ընթացքում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որպեսզի 2010 թվականին կարողանանք արձանագրել, որ ՏՏ ոլորտն այսուհետեւ լինելու է մեր տնտեսական համակարգի կարեւորագույն շարժիչ ուժերից մեկը։ Իր ծավալներով եւ աշխատողների քանակով այն արդեն իսկ գերազանցում է հանքահումքային արդյունաբերությունը։

Մեր միջոցառումների երկրորդ ուղղությունը փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումն էր։ 32 000 սուբյեկտ օգտվեց 2009 թ. ընթացքում ավելացված արժեքի հարկի արտոնությունից։ 3 մլն դրամից հարկման շեմը բարձրացրեցինք 58 մլն դրամի, որի արդյունքում 32 000 սուբյեկտ մոտավորապես 24 մլրդ դրամի չափով հարկեր չի վճարել։ Հասկանալի է, որ այս միջոցառումը հնարավորություն տվեց նաեւ մեր փոքր բիզնեսի հազարավոր ձեռնարկություններին ուժեղացնել իրենց դիմադրողականությունը ճգնաժամի բացասական հետեւանքների նկատմամբ։ 2009 թվականի ընթացքում 20 մլրդ դրամից ավելի գերավճարներ վերադարձվել է մասնավոր հատվածին, ինչը, բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը բարելավել է։ Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տվել մեղմել ճգնաժամի բացասական հետեւանքները։ Իհարկե, մենք կարող էինք ավելի արդյունավետ լինել այս կամ այն ոլորտում, իհարկե, մենք ունենք բազմաթիվ բացթողումներ, թերացումներ, բայց ռազմավարությունը ճիշտ էր ընտրված, եւ այդ ռազմավարության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքն այն է, որ մենք ամբողջությամբ կատարել ենք մեր սոցիալական պարտավորությունները, չենք կուտակել պարտքեր, եւ մեզ հաջողվել է խուսափել սոցիալական բացասական հետեւանքներից, որոնք առկա էին ԱՊՀ բոլոր երկրներում։ Կարեւորագույն դասերից մեկն այն է, որ բանկային համակարգը նախապատրաստված էր ճգնաժամին։ Հայաստանը միակ պետությունն է, որը ոչ մի լումա օգնություն չի տրամադրել առեւտրային բանկերին։ Առեւտրային բանկերը կարողացել են ինքնուրույնաբար դիմագրավել այս փորձություններին, ունեցել են կապիտալիզացիայի բավարար մակարդակ եւ ունեցել են լիկվիդային բավարար միջոցներ, որպեսզի սպասարկեն ավանդատուներին։ Ավելին, 2009 թվականին բանկային համակարգում մեր քաղաքացիների ավանդային խնայողություններն աճել են ավելի քան 30 տոկոսով։ Սա նշանակում է, որ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ ոչ միայն չի խաթարվել, այլ մարդիկ նախապատվություն են տվել իրենց խնայողությունները պահել բանկային համակարգում։ Տարօրինակ է, որ տնտեսական ճգնաժամի պարագայում աճում են մեր քաղաքացիների խնայողությունները, բայց դա իր բացատրությունն ունի, եւ միայն հայկական ֆենոմեն չէ։ Ամբողջ աշխարհում մարդիկ, հայտնվելով ճգնաժամային իրավիճակում, զսպում, կամ հետաձգում են իրենց ծախսերը, պատրաստվում են ավելի վատ կանխատեսումների։ Դա նշանակում է, որ վաղվա օրվանից սպասումներն ունեն էական նշանակություն մեր քաղաքացիների վարքագծի առումով։ Եթե սպասումներում փոփոխություններ լինեն, բնականաբար, մեր քաղաքացիները, տնտեսություն վարող սուբյեկտները կիրականացնեն ավելի մեծածավալ ծախսեր, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, կխթանի տնտեսական աճը։ Եվ մենք ձեզ հետ միասին պետք է ճշգրիտ տեղեկատվություն տրամադրենք մեր հանրությանը, որպեսզի մեր քաղաքացիները ճիշտ որոշումներ կայացնեն»,-ասել է վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը