Քաղաքական

04.06.2017 11:29


Թալիշն ու թալիշեցիներն այսօր (ֆոտոշարք)

Թալիշն ու թալիշեցիներն այսօր (ֆոտոշարք)

Սահմանամերձ Թալիշ գյուղի բնակչության մի մասն այսօր ապրում է Ալաշանում։ Մինչ Ապրիլյան պատերազմը Թալիշում մշտական ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակիչ, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ։ Այս պահին Ալաշանում կա 37 ընտանիք՝ 140 բնակիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։

Ալաշանը նախկինում եղել է հանգստյան գոտի։ Թալիշեցիներին մի քանի տարբերակ են առաջարկել, նրանք նախընտրել են Ալաշանը։ Գյուղապետը հայտնեց, որ բնակիչների են տեղավորել նաև Մեծ Շեն, Դրմբոն գյուղերում, որովհետև Ալաշանում տեղ չեն ունեցել։

2016 թվականի ապրիլի մեկից հետո գյուղի բնակչությունից Արցախում է եղել 130-ը, 370 մշտական բնակիչ եղել է Արցախից դուրս։ Այսօր արդեն 300 թալիշեցիներ Արցախում են․

«Կան ընտանիքներ, որոնք այստեղ գալու մեծ ցանկություն են հայտնում։ Չարենցավանից էլ կան, ահագին արդեն եկել են… Ինչքան բնակիչ ունենք Ալաշանում, ադքան էլ ունենք Ղարաբաղի տարբեր բնակավայրերում, իսկ Մատաղիսում՝ 50-ից ավել բնակիչ… Այսօր Թալիշում ապրում է թվով 20 բնակիչ, սակայն ոչ ընտանիքներով»։

Ալաշանում նաև գործում է դպրոց։ Թալիշի դպրոցի տնօրեն Տալիա Բեժունցը նշում է, որ այժմ դպրոցում սովորում է 23 աշակերտ, կա 7 կոմպլեկտ դասարան։ Մեկ տարի առաջ սովորում էր 102 աշակերտ։ Մինչ 2016-ի ապրիլն ունեցել են 20 ուսուցիչ, բայց այժմ ուսուցիչները 13-ն են։

Եկող սեպտեմբերի 1-ին երեք առաջին դասարանցիներ են ընդունվելու դպրոց, սակայն քանի որ ընտանիքներ կան, որոնք պետք է վերադառնան, թիվը կարող է աճել։ Այս տարի ունեցել են 1 շրջանավարտ, ում համար վերջին զանգ են կազմակերպել։ Շրջանավարտն ուսումը շարունակելու է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հույս ունեն, որ անպայման կվերադառնա Թալիշ և կդասավանդի։

Թալիշ գյուղում նախկինում կար մանկապարտեզ, շուրջ 30 երեխա է մանկապարտեզ այցելել, գյուղից դուրս գալուց հետո մանկապարտեզ դեռևս չկա։

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը