Տնտեսական

27.01.2010 17:44


Արտաքին պարտքի բարձր ցուցանիշն արտառոց բան չէ՞

Արտաքին պարտքի բարձր ցուցանիշն արտառոց բան չէ՞

«Հայացք» ակումբում ՀՀ արտաքին պարտքին անդրադառնալով՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասել է, որ շատ կարևոր է, թե ինչպես են ծախսվում այդ գումարները և այն՝ արդյոք դրանք հետագայում գնալո՞ւ են տնտեսական աճ արձանագրելուն, թե՞ ոչ։

-Եթե ապագայում տնտեսական աճ կունենաս, բավական բարձր պարտքը դեռ վտանգավոր չէ։ Եթե 2010-ին մենք ունենանք 30%-ից ավելի արտաքին պարտքի ՀՆԱ ցուցանիշ, չեմ կարծում, որ դա վտանգավոր սահմանին մոտ է։ Ապագա տարիներին մենք կարող ենք մեր պարտքը մեծացնել ընդհուպ մինչև 50-55%, և մեր տնտեսական կանխատեսումները, կարծում եմ, հնարավորություն կընձեռեն, որ մենք առանց խնդիրների մեր պարտքը հետ վճարենք,- նշել է Վարդան Արամյանը։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ևս անդրադառնալով այս հարցին՝ նշել է, որ Հայաստանը միշտ եղել է բավական ցածր արտաքին պարտք ունեցող երկիր, սակայն այն իրողությունը, որի առջև կանգնեցրեց 2009թ. ճգնաժամային տարին, այլընտրանքի տեղ չթողեց։

-Կարծում եմ, որ դա արտառոց մի բան չէ, քանի որ շատ երկրներ գնացին այդ ճանապարհով,- ընդգծել է Գ.Մինասյանը և համաձայնվել Վ.Արամյանի հետ այն հարցում, որ կարևոր է, թե արտաքին պարտքը որքանով է գնում տնտեսական աճի խթանմանը։

Նրա կարծիքով համոզմունք կա, որ սկսված տարին  կապացուցի, որ հակաճգնաժամային ծրագիրը, որի իրագործման համար են վերցվել արտաքին պարտքերը, թափ հավաքելով, տնտեսական աճ կապահովի, որի արդյունքում հնարավոր կլինի հարկերի մեծ հավաքագրում, և արտաքին պարտքերի որոշ դրվագներ հնարավոր կլինի ժամանակից շուտ փակել։

Ինչ վերաբերում է նրան, որ ընթացիկ տարվա ավարտին արտաքին պարտքը կարող է լինել շուրջ 40%, Գ.Մինասյանը դա ծանր չի համարում։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը համաձայնվել է բանախոսների հետ և նշել, որ վարկեր վերցնելն անհրաժեշտ է. ճգնաժամի պայմաններում դրանք կարող են խնդիների լուծման միջոց լինել, սակայն խնդիրն այն է՝ ինչպես են դրանք ծախսվում։

Բեգլարյան Արփի

Այս խորագրի վերջին նյութերը