Տնտեսական

23.10.2019 16:25


Այսուհետ թերթի կրպակներում քաղցրավենիք ու ջրեղեն չի վաճառվի. աշխատակիցները մտահոգ են

Այսուհետ թերթի կրպակներում քաղցրավենիք ու ջրեղեն չի վաճառվի. աշխատակիցները մտահոգ են

Թերթի կրպակների աշխատակիցները մտահոգ են, քանի որ գաղտնիք չէ` թերթերի վաճառքն այնքան էլ շատ չէ։ Նրանց աշխատավարձը ձևավորվում է նաև վաճառքից գոյացած տոկոսներով։

Թերթի կրպակներում այսուհետ քաղցրավենիք ու ըմպելիք չի վաճառվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իրենց մտահոգությունը հայտնեցին կրպակների որոշ աշխատակիցներ։

«Գաղտնիք չէ, որ մեր օրերում թերթերն այնքան էլ լավ չեն վաճառվում, և այլ ապրանքների` քաղցրավենիքի, գրենական պիտույքների վաճառքով ենք ավելի շատ գումար վաստակում։ Խնդիրն այն է, որ մեր աշխատավարձը գոյանում է նաև վաճառքից գոյացած գումարի տոկոսներով»,–ասացին նրանք` հավելելով, որ դեռ հայտնի չէ` ինչու են արգելել որոշ ապրանքների վաճառքը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քաղաքապետարանը կրպակների համար որևէ ապրանքի վաճառքի հետ կապված սահմանափակում չի մտցրել։

Նշենք, որ թերթի կրպակները պատկանում են «Պրես Ստենդ» ՍՊԸ–ին։ Ընկերության մամուլի բաժնի ղեկավար Իրինա Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ընկերությունը որոշել է ջրեղենի ու քաղցրավենիքի վաճառքը հանել կրպակներից։ «Ջրեղենն, օրինակ, հանել ենք վաճառքից, քանի որ դրա վաճառքը սեզոնային է` ձմռանն այնքան էլ լավ չի վաճառվում։ Սակայն կրպակներում մյուս ապրանքների` լոտո, ծրար, մաստակ, կրակայրիչ` վաճառքը կշարունակվի։ Արտառոց ոչինչ չկա, բոլոր հիմնարկներն էլ ժամանակի ընթացքում փոխում են իրենց աշխատանքի ոճը»,–ասաց նա։

Նկատառմանը, թե աշխատակիցները մտավախություն ունեն, որ որոշ ապրանքների` վաճառքից հանելը կարող է անդրադառնալ աշխատավարձերի վրա, Հարությունյանն արձագանքեց, թե չի կարծում, որ քաղցրավենիքի վաճառքը կարող է էականորեն ազդել աշխատավարձերի վրա։ Բացի այդ, ըստ նրա, աշխատավարձերի հարցն ընկերության ներքին խոհանոցն է։

«Ինչ–որ ապրանքներ վաճառքից հանելը կամ վաճառել սկսելն ընթացիկ պրոցես է։ Չեմ կարծում, որ դա որևէ կերպ անդրադառնալու է վաճառողների վրա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նոր` կանաչ գույնի կրպակների լայնածավալ տեղադրումը սկսվեց 2008թ. նոյեմբերից։ Կարճ ժամանակում բոլոր կրպակները նորերով փոխարինվեցին ու վերածվեցին «մինի–մարկետների»՝ այնտեղ սկսեցին վաճառել ոչ միայն թերթեր, այլ նաև գրենական պիտույքներ, քաղցրավենիք, մաստակ, ծխախոտ և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը