Լրահոս

11.08.2011 14:37


«Ժառանգության» բողոքի հայտարարությունը

կրպակների հարկադիր ապամոնտաժման և  փոքր բիզնեսի  ոչնչացմանը ուղղված իշխանությունների գործողությունների առնչությամբ.

սթափության կոչ վարչապետին եւ քաղաքապետին

11 օգոստոսի 2011թ., ք. Երեւան: Ձեր իմացությամբ և հրահանգով Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարությունն անցել է կրպակների հարկադիր ապամոնտաժման գործողությունների,, որոնք ուղեկցվում են  կրպակների տերերի և նրանց աջակցող բնակչության հանդեպ բռնություններով: Տարիներ շարունակ այդ քաղաքացիները բարեխիղճ վճարել են հարկեր եւ տուրքեր եւ այդ գործունեության հաշվին պահել են ոչ միայն իրենց, այլեւ այլոց ընտանքիները: Նրանցից շատերը շարունակում են զինվորներ տալ հայոց բանակին ու  պաշտպանությանը: Մինչդեռ այսօր պետության կողմից պաշտպանված լինելու փոխարեն նրանք  հայտնվել են կատարյալ անպաշտպան վիճակում եւ նրանց աշխատանքից զրկելու որոշում կայացնողը քաղաքապետն է, ով ի պաշտոնե պարտավոր է լինել քաղաքում սոցիալական ապահովության երաշխավորը: Համատարած գործազրկության և դրա հետևանքով չդադարող զանգվածային արտագաղթի առկայության պայամաններում փոքր բիզնեսի խավը ներկայացնող կրպակատերերին ապրուստի միջոցից զրկելու ձեր քայլերին այլ որակում, քան պետական շահերի դավաճանություն, դժվար է տալ, և հետևաբար մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ գործողությունները:

Ինչ վերաբերում է քաղաքի գեղագիտությանը, ապա ստիպված ենք ձեզ հիշեցնել, որ  “Ժառանգությունն” է, որ բողոքող բնակիչների հետ շարունակ պայքարում է ձեր դեմ հենց այդ գեղագիտության պահպանման և քաղաքը շնչահեղձ անող և այլանդակող կառույցների շինարարությունը դադարեցնելու համար: Եթե դուք մտածում եք քաղաքի տեսքի և բնապահպանության մասին, ապա սկսեք ապամոնտաժումը ձեր և ձեր շրջապատին պատկանող կառույցներից. Դրանք են. ռեստորաններ և տարբեր համալիրներ Հրազդանի կիրճում, Օպերայի այգում, Օղակաձև և մյուս զբոսայգիներում, հսկայական խանութներ` ուղղակիորեն կառուցված մայթերի վրա,, բարձրահարկ շինություններ  բնակելի շենքերի բակերում եւ այլն: Այդ հանցագործ շինարարությունը այսօր ոչ միայն շարունակվում է այլև նոր թափ է առնում նոր նախագծերով:

Դուք ընտրված եք ոչ թե տարածք կառավարելու, այլ մարդկանց ու հասարակությանը ծառայելու, նրանց խնդիրներին ականջալուր լինելու ու դրանք լուծելու համար: Յուրաքանչյուր այսպիսի քայլ մի նոր պատուհան է բացում երկրից արտագաղթողների նոր խմբերի համար: Եթե մայրաքաղաքի բարեկարգման համար այսօր այսպիսի մեծ գին պետք է վճարենք, ապա այդպիսի բարեկարգումը ոչ մեկին պետք չէ: Արդարությունը և պարկեշտությունը պահանջում է, որպեսզի քաղաքի բարեկարգումը դուք սկսեք քաղաքը ազատելով ձեր և ձեր շրջապատին պատկանող օբյեկտներից և ոչ թե այն խավից, ով ձեր պաշտպանության կարիքն ունի եւ բոլորովին պատասխանատու չէ երկրում  կառավարման ձախողման եւ համատարած գործազրկության համար:  Դիմում ենք ձեզ սթափության կոչով` ակնկալելով  ողջամտություն, որպեսզի էլ ավելի չխորացնեք սոցիալական լարվածությունը, առկա անջրպետը հասարակության ու իշխանությունների միջև` վտանգելով մեր պետականության հիմքերը:

Այս խորագրի վերջին նյութերը