Տնտեսական

18.07.2022 09:41


Տնտեսությունը խրվում է ճահիճը. իշխանությունների լավատեսությունը կեղծ է, աճերը՝ խաբուսիկ

Տնտեսությունը խրվում է ճահիճը. իշխանությունների լավատեսությունը կեղծ է, աճերը՝ խաբուսիկ

Վերջին ամիսներին դրամն առնվազն 15 տոկոսով արժևորվել է։ Նախկինում դոլարի փոխարժեքը հիմնականում 480-490 դրամի սահմաններում էր, հիմա 410-420 դրամի սահմաններում է։

Երեք ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքը նվազել է առնվազն 70 դրամով։

Սա սթրեսի է մատնել տնտեսությանը։

Քչերը կարող էին պատկերացնել, որ տարադրամը Հայաստանում այսքան կէժանանա։

Նախկինում պարբերաբար եղել են դոլարի որոշակի թուլացման և դրամի ամրապնդման երևույթներ, բայց այն երբևէ այսպիսի աստիճանի չէր հասել։ Ավելի հաճախ արձանագրվել է ազգային արժույթի թուլացում, և փոխարժեքները միշտ էլ հակվածություն են ունեցել դրամի արժեզրկման ուղղությամբ։ Վերջին ամիսներին հակառակ պրոցեսն է տեղի ունենում. դրամն անսպասելի և մեծ չափով արժևորվել է տարադրամի նկատմամբ։

Կենտրոնական բանկը կարող էր դա թույլ չտալ, բայց իր շահերից չի բխում դրամի թուլացումը։

Այս պրոցեսը կանխելու համար անհրաժեշտ էր ընդամենը շրջանառության մեջ ավելացնել դրամի զանգվածը և ներքաշել ավելցուկային տարադրամը։ ԿԲ-ն որոշ գնումներ կատարել է արժութային շուկայում, բայց ոչ այն ծավալով, որը կարող էր թույլ չտալ, որպեսզի դրամն այսքան ամրապնդվի։ Վերջերս հայտարարվեց 100 մլն դոլարի գնման մասին։ Գուցեև ավելի շատ է գնվել։ Բայց դա չի բավարարել փոխարժեքի շուկայում տեղի ունեցող դրսևորումները կանխելու համար։ Տարադրամի ավելցուկը շուկայում շատ ավելին է, քան ԿԲ-ն ներքաշել է։

Թե ինչո՞ւ Կենտրոնական բանկը հակված չի եղել ավելի շատ տարադրամ գնել և կանխել փոխարժեքների անկումը, պատճառները տարբեր են։

Նախ՝ ամերիկյան արժույթը համաշխարհային տնտեսության մեջ կորցնում է պահանջարկը, և հարց է առաջանում, պե՞տք է արդյոք դոլարի հետագա կուտակում, թե՞ ոչ։ Առավել ևս, որ մեծանում է գայթակղությունը այլ, և հատկապես ազգային արժույթներով առևտրի նկատմամբ։

Տարադրամի այսպիսի արժեզրկում թույլ տալու մյուս կարևոր գործոնն էլ բարձր գնաճն է։

Դրսից թելադրվող գնաճի պարագայում ազգային արժույթի ամրապնդումը թերևս ամենաարդյունավետ գործիքն է, որը կարող է ազդել գների վրա։ Այդ գործիքը միշտ չէ, որ լիարժեք գործում է, բայց բոլոր դեպքերում թողնում է իր ազդեցությունը. առնվազն զսպում է գների հետագա բարձրացումը։

Սրանով էլ, թերևս, առաջնորդվել է Կենտրոնական բանկը՝ թողնելով, որպեսզի տարադրամի գներն այսքան նվազեն։ Հակառակ պարագայում հիմա գնաճը մեզ մոտ շատ ավելին կլիներ, քան կա։ Թեև հիմա էլ ցածր չէ։ Նույնիսկ այդքանից հետո գնաճի միջին ցուցանիշն անցնում է 10 տոկոսից, և սպասվում է, որ առաջիկայում դեռ կշարունակի բարձրանալ։ Գնաճի դեմ պայքարելու համար նախկինում ԿԲ-ն գերադասում էր օգտագործել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վերջին ամիսներին նախապատվությունը տալիս է հատկապես դրամի ամրապնդմանը։

Դրամի ամրապնդումը նպաստավոր գործոն է գնաճը զսպելու առումով, սակայն այն նաև լուրջ խնդիրներ է ստեղծում տնտեսության արտահանելի և ոչ միայն արտահանելի հատվածի համար։ Դրամի ամրապնդումը խթանում է ներմուծումը, փոխարենը՝ թուլացնում է տեղական արտադրանքի մրցունակությունը։

Այնպես չէ, որ դա միայն դրսում է արտահայտվում։ Տեղական արտադրանքի մրցունակությունը թուլանում է նաև ներքին շուկայում։ Այն դուրս է մղվում և փոխարինվում ներմուծվող ապրանքներով, որովհետև ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան տեղում արտադրություն կազմակերպելը։

Ներմուծման ակտիվացում արդեն տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ։

Ունենք էական աճ. 5 ամսում ներմուծումները Հայաստան ավելացել են 42 տոկոսով։

Դրանում որոշակի դեր ունեցել են նաև վերարտահանումները, որոնց հնարավորությունները բացվել են հատկապես ռուսական շուկայում, բայց առկա է նաև դրամի ամրապնդման ազդեցությունը, ինչը բերել է ներմուծվող ապրանքների մրցունակության բարձրացման։ Սա լուրջ վտանգ է ներքին տնտեսության համար։

Թեև վերջին շրջանում հաճախակի խոսվում է դրամի ամրապնդման ազդեցությունների մասին, այնուհանդերձ հիմնական շեշտադրումը կատարվում է արտահանմանն ուղղված տնտեսական հատվածի կորուստների վրա։ Արտաքին շուկաներում սա դժվարություններ է ստեղծում, բայց պակաս քիչ խնդիրներ չի ստեղծում նաև ներքին շուկայում իրացվող տեղական ապրանքների համար։ Դրանք թանկանում են, փոխարենը՝ տարադրամի այսպիսի էժանացնումն էական ազդեցություն է թողնում ներմուծման գների կրճատման վրա։ Եթե նախկինում նույն ապրանքը ներմուծելու համար ներկրողները ստիպված էին դոլարը ներքին շուկայում ձեռք բերել 480-490 դրամով, հիմա ձեռք են բերում 410-420 դրամով։

Այս գործոնի արդյունքում ներմուծումն առնվազն 15 տոկոսով շահում է։

Դա միշտ չէ, որ հանգեցնում է գների նվազեցման, բայց ինչ-որ չափով կանխում է հետագա թանկացումը և բարձրացնում է ներքին շուկայում ներմուծվող ապրանքների մրցունակությունը։

Ստացվում է, որ տեղական արտադրողը տուժում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում։ Շահում է ներմուծումը։

Դեռ լավ է, որ փոխարժեքների ազդեցությունը վերջին մի քանի ամիսներին չկար ռուսական շուկայում։ Այլապես հիմա տնտեսությունը կաթվածահար վիճակում կլիներ։

Նախկինում տնտեսության աճի հետ կապված մտահոգությունները պայմանավորված էին հիմնականում ռուբլու արժեզրկմամբ։ Բայց ռուբլին կարողացավ դիմանալ։ Կտրուկ արժեզրկումից հետո այն ամրապնդվեց, ինչը նպաստավոր դարձրեց հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա։ Իհարկե, խոսքը ռուբլով կատարվող գործարքներին է վերաբերում։ Կան նաև այլ տարադրամով կնքված պայմանագրեր, որոնց մասնակիցները տուժում են այնպես, ինչպես տուժում են այլ երկրներ իրականացվող տեղական ապրանքների մատակարարները։

Դրամի ամրապնդումից կորուստները մեծ են ոչ միայն ապրանքների, այլև արտահանվող ծառայությունների դեպքում։ Անհանգիստ է հատկապես ՏՏ ոլորտը, որը հիմնված է առավելապես արտահանման վրա, և կնքված պայմանագրերը գերազանցապես տարադրամով են։ Տարադրամն էժանացել է՝ կրճատելով նաև ոլորտում գործող ընկերությունների եկամուտները։

Թե մեր տնտեսությունն ինչքա՞ն կդիմանա այս իրավիճակին, ցույց կտա ժամանակը։ Բայց որ այսպես չի կարող երկար շարունակվել, միանշանակ է։ Տնտեսությունը խրվում է ճահիճը, որը կարող է հանգեցնել շատ մեծ կորուստների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը