Տնտեսական

22.07.2022 16:18


Լավ կլինի՝ Էկոնոմիկայի նախարարը ներկայացնի, թե այդ 8000 աշխատատեղերի բացման հարցում իր մասնակցությունը որքան է եղել. Սուրեն Պարսյան

Լավ կլինի՝ Էկոնոմիկայի նախարարը ներկայացնի, թե այդ 8000 աշխատատեղերի բացման հարցում իր մասնակցությունը որքան է եղել. Սուրեն Պարսյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն առկա տնտեսական միտումներին հակադարձ համեմատական կերպով շարունակում է լավատես մնալ, երեկ հերթական ավետումն է արել. «Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավելի է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»:

Նման ցուցանիշներով, ի դեպ, հանրությանը պարբերաբար ոգևորում է նաև Վահան Քերոբյանի թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե իրականում ինչն ինչպես է, արդյո՞ք այդ ցուցանիշներն օբյեկտիվ են, 168.am-ը լսել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումները:

Տնտեսագետը նկատեց, որ այս թվերը ստուգել հնարավոր չէ դեռևս, քանի որ չկա հունիս ամսվա պաշտոնական վիճակագրությունը, իսկ անգամ հրապարակման պարագայում՝ պետք է հստակեցնել. «Աշխատատեղ և աշխատող հասկացությունները տարբեր են. օրինակ, աշխատատեղեր կան, որ մեկ դրույքը բաժանում են 4 մասի, 4 անձին են աշխատանքի ընդունում, և դա ներկայացվում է՝ իբրև աշխատատեղեր:

Աշխատատեղերի՝ ըստ ոլորտների բաշխվածությունը չի ներկայացնում մեր իրական սոցիալ-տնտեսական իրավիճակը: Եթե նայում ենք, հիմնականում՝ հանրային սնունդ, հանրային ծառայություններ, ՏՏ ոլորտում են աշխատատեղերի աճ մատնանշում, սակայն այս աշխատատեղերի աճը դրանք չեն կարող մեր բնակչության կենսամակարդակում էական փոփոխություն մտցնել:

Կարևոր է, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը նվազի, բայց պետք է նաև հասկանալ զբաղվածների կազմի կառուցվածքը. օրինակ, մեր աշխատողների մեկ երրորդը գյուղատնտեսության ոլորտում է զբաղված, որտեղ արտադրողականությունը, կենսամակարդակը, եկամուտների մակարդակը ցածր է»:

Սուրեն Պարսյանը նկատեց՝ նույնիսկ հրապարակվող թվերի պայմաններում Հայաստանը գործազրկության մակարդակով ԵԱՏՄ-ում ամենաբարձր դիրքն է գրավում:

«Լավ կլինի՝ Էկոնոմիկայի նախարարը ներկայացնի, թե այդ 8000 աշխատատեղերի բացման հարցում իր մասնակցությունը որքան է եղել: Նշեմ, որ կառավարությունը պարբերաբար տարբեր ընկերությունների ազատում է մաքսատուրքերից, ավելացված արժեքի հարկերի հետաձգում է անում, և այլն. այս վերջին 3-4 տարիների ընթացքում միլիարդավոր դրամների արտոնություններ են տրամադրվել: Վերջինի հետ մեկտեղ՝ նշվում էր, թե այդ կազմակերպությունները պատրաստվում են աշխատատեղեր ստեղծել. այժմ թող նախարարությունը հաշվետվություն ներկայացնի, թե իրենց ներկայացրած այդ աշխատատեղերից քանի՞սն են իրականում բացվել»,-եզրափակեց տնտեսագետը:

Այս խորագրի վերջին նյութերը