Տնտեսական

06.09.2022 14:51


Սննդամթերքի գնաճը շարունակվելու է նաև հաջորդ ամիսների ընթացքում, քանի որ մեր գյուղոլորտն անկման մեջ է. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

Սննդամթերքի գնաճը շարունակվելու է նաև հաջորդ ամիսների ընթացքում, քանի որ մեր գյուղոլորտն անկման մեջ է. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

Մարդկանց եկամուտների չավելացան պայմաննրում հատկապես սննդամթերքի գների աճը հանգեցնում է մարդկաց աղքատացման։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ամեն օր մեծ տեմպերով շարունակվող գնաճին։

«2022 թվականը գնաճային տարի էր բոլոր առումներով, մենք ունեինք ներքին և արտաքին գնաճի պատճառներ։ Արտաքին պատճառը կայանում էր նրանում, որ համաշխարհային տնտեսությունում ցնցումներ էր՝ պայմանավորված կորոնավիրուսի ճգնաժամի վերականգնմամբ, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ, և էներգակիրների, պարարտանյութերի գների աճը շեշտակի բարձրացրեցին պարենամթերքի գները համաշխարհային շուկայում։ Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի վերլուծությունների համաձայն Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է շուրջ 80 հազարով։ Սա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանի տնտեսությունն ու բնակչությունն անմասն չի մնացել համաշխարհային միտումներից և պարենամթերքի գների աճը հանգեցրել է մարդկանց թերսնման, մարդկանց եկամուտների էլ ավելի նվազման»։

Ինչ վերաբերում է գնաճի ներքին պատճառներին, Սուրեն Պարսյանը նշում է․ «Այս տարվա առաջին կիսամյակի հաշվարկով գյուղատնտեսության ոլորտը 5,5 տոկոս անկում է գրանցել։ Այսինքն մենք բավարար քանակությամբ սննդամթերք չենք արտադրել, որը թույլ կտար զսպել համաշխարհային գնաճի այս միտումը։ Եթե մենք կարողանայինք բավարար քանակությամբ գյուղմթերք մշակել, ապա հունվար-օգոստոս ամիսներին գնաճը սննդամթերքի դեպքում կլիներ ոչ թե 13,5 տոկոս, այլ 8-9 տոկոս»։

Իսկ այն, որ կառավարության անդամները հաճախ խոսում են և ներկայացնում դրական միտումներ և ասում, որ տնտեսական ակտիվության աճ կա, տնտեսագետն ընդգծում է, որ մենք պետք է խոսենք ոչ միայն աճի քանակի, այլ նաև որակի մասին․ «Այս տարվա 7 ամիսների հաշվարկով մենք ունենք 13,1 տնտեսական ակտիվության աճ, սա չսպասված աճ էր՝ պայմանավորված արտաքին գործոններով՝ մետաղների գների աճ, ռուս տուրիստների հոսք, դրսից տրասֆերների աճ․ սա հանգեցրեց ծառայության, առևտրի ոլորտների ծավալների աճի։ Բացի այդ այս տարի կառավարությունը մեծ գումարներ հատկացրեց շինարարության ոլորտին, մասնավորապես ճանապարհաշինությանը։ Նաև եկամտային հարկի օրենքի փոփոխության հետևանքով մեծ քանակությամբ ավելացավ բնակարանների հանդեպ պահանջարկը։ Մարդիկ շտապում են օգտվել այս եկամտային հարկի արտոնությունից։ Այս աճը որակապես շատ թույլ է, սրանից չի օգտվում բնակչության մեծ մասը»։

Տնտեսության ակտիվությունը հիմնականում բնակչության կենսամակարդակի վրա որևէ դրական ազդեցություն չի թողնում, բայց ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ կան մարդիկ, ովքեր կարողանում են օգտվել ստեղծված իրավիճակից և հարստանալ․ «Հայաստանում կան մարդիկ, ովքեր հարստացել են, մեծ եկամուտներ են կուտակում, ովքեր ունեն մի քանի բնակարաններ, ովքեր այդ վարձավճարներով կարող են առոք-փառոք ապրել։ Ու սրան հակառակ, մարդիկ կան, որոնց եկամուտը մնացել է նույնը, բայց ապրանքների գները թանկացել են։ Պետք է արձանագրենք, որ թոշակառումերի, նպաստառուների, պետական սեկտորի աշխատողների մեծ մասի կենսամակարդակը նվազել է»։

Մանրամասները՝ տեսանյութով։

Այս խորագրի վերջին նյութերը