Տնտեսական

09.02.2023 11:12


«Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատողները տեղյակ չէին, որ շուկան փակ է (տեսանյութ)

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատողները տեղյակ չէին, որ շուկան փակ է (տեսանյութ)

Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատողները տեղյակ չէին, որ այսօրվանից շուկան փակ է։ Նրանք սովորականի պես եկել էին աշխատանքի, բայց դռները փակ էին։ Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացան մեկնաբանել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը, որի համաձայն՝ դադարեցվել են շուկայի աշխատանքները՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտումների հայտնաբերման պատճառով։

«Եկել էի գործի, բայց հիմա հետ եմ գնում տուն՝ ինչպես կորոնավիրուսի ժամանակ տնից դուրս չէի գալիս, թե ինչով պետք է ապրի էս ժողովուրդը՝ չգիտեմ»,–ասաց աշխատակիցներից մեկը, որը նույնիսկ չգիտեր, որ իրենց հիմնարկում հրդեհատեխնիկական հետազոտություն է արվել։

Նախօրեին հաղորդել էինք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ դադարեցվել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատանքները։

Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել է, որ «Ոսկու աշխարհի» շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Այս խորագրի վերջին նյութերը