Մեկնաբանություն

22.07.2023 15:15


Պոպուլիստական կրախը՝ առանձին վերցրած բուհական համակարգում

Պոպուլիստական կրախը՝ առանձին վերցրած բուհական համակարգում

Այս օրերին ակտիվորեն քննարկված ու դեռ քննարկվող «խաղաղ» թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական խայտառակ նվաճումն է․ բարձրագույն ուսումնական հաստատություններին ընդունելության համար տրամադրված տեղերի ահռելի մասը թափուր է մնացել: Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը: Ի դեպ, անցյալ տարվա ընդունելության քննություններից հետո էլ պատկերը, բովանդակային առումով, նույնն էր: Պարզ ասած՝ ահռելի չափով թերհավաք է եղել կամ խոսակցականով՝ «նեդաբոռ»:

Հրապարակված պաշտոնական տվյալները շատերին առիթ տվեցին սոցցանցերում «մեծաբար» տրտնջալ «հիմիկվա ջահելներից», որ չեն ուզում սովորել ու նման բաներ: Ըստ որում, չեն ուզում սովորել, տվյալ դեպքում՝ բարձրագույն կրթություն ստանալ թե՛ անվճար, թե՛ առավել ևս՝ վճարովի: Բայց դա այս մեդալի միայն մեկ երեսն է:

Մյուս կողմից, սկզբունքորեն, ներկայիս Հայաստանում, նիկոլական իշխանության ձևավորած միջավայրում պատանիներն ու աղջիկները ինչո՞ւ պիտի բուհ-ական կրթություն ստանալու մղում, մոտիվացիա, ցանկություն ունենան:

Երեխաները շատ ավելի դիտողունակ են, քան նրանցից շատերի ծնողներն անգամ: Նրանք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, մի բացահայտ իմաստակ ու իր նման իմաստակներ, ոմանք նույնիսկ առանց բուհական կրթության մասին հավաստող փաստաթղթի, ոմանք ինչ-որ դասընթացների սերտիֆիկատներ ունենալով միայն, գրավել են պետության ամենաբարձր պաշտոնները:

Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները, առիթ-անառիթ ծաղրում են բուհական կրթություն ունեցողներին, ձեռ են առնում կրթված լինելն առհասարակ, հայտարարում են, թե այս կամ այն գործով զբաղվելու համար անգամ լիարժեք միջնակարգ կրթություն ունենալու կարիք չկա: Նման միջավայրում, իշխանության ներկայացուցիչների կողմից նման հետադիմական վարքի ու քարոզչության պայմաններում էլ ի՞նչ պիտի լիներ, եթե ոչ՝ բուհական կրթություն ստանալու նկատմամբ հետաքրքրության անկում:

Դրա համար ենք նշում, որ գրանցված ակնհայտ փաստը, որ տարին տարվա վրա նվազում է թեկուզ անվճար հիմունքներով պետական բուհ ընդունվել ցանկացողների թիվը, փաշինյանական իշխանության հերթական խայտառակ «նվաճումն» է: Ասենք, դա միայն մենք չենք նշում:

Բայց անդրադառնանք իրողությունների, որոնք այլոք չեն նշում, մինչդեռ դրանք ավելի խորքային են: Այն, որ երիտասարդներին բուհական կրթությունը չի ձգում, մեղմ ասած՝ այնքան էլ այդպես չէ: Տեսեք, թե որքան շատ են, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Սլավոնական համալսարան, Ֆրանսիական համալսարան ընդունվել ցանկացողները: Եվ դա այն դեպքում, որ նշված մասնավոր բուհերի ուսման վարձերը Հայաստանի պայմաններում ցածր չես համարի:

Իսկ ինչի՞ մասին է դա վկայում: Իսկ դա վկայում է, որ պետական բուհերը կամ բուհական համակարգը դուրս են մնում մրցակցությունից, նշանակում է, որ պետական բուհերի տված կրթության որակը սկսել է չբավարարել մարդկանց, և երիտասարդները կամ նրանց հուշող ծնողներն ընտրում են այլ ուսումնական հաստատություններ:

Տեսեք, Հայաստանում արդեն ամբողջ 5 տարի իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Ու 5 տարվա ընթացքում, որ ահռելի ժամանակահատված է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ի՞նչ է արել պետական բուհական համակարգում որակը, մրցունակությունը բարձրացնելու համար: Ոչի՛նչ:

Միակ բանը, ինչ Նիկոլ Փաշինյանը արել է բուհական համակարգի հետ, Երևանի պետական համալսարանը, այլ պետական բուհերը զավթելը, գրավելը, իրենով անելը, «քպ-ականացնելն» է: Այսինքն, իշխանությունը հիմնականում զբաղված է եղել պետական բուհերի ղեկավարությունը գրավելու, յուրայինների նշանակելու գործով: Ի՞նչ որակի կամ մրցունակության բարձրացման մասին կարող է այստեղ խոսք լինել,

եթե ԿԳՄՍ նախարարի ու նախարարության ամբողջ հոգսը այն է, թե ինչպես այլանդակեն ՀՀ զինանշանը, ինչպես փակեն «Գոյ» թատրոնը, ինչպես գրավեն Մատենադարանը, ԵՊՀ-ում կամ, ենթադրենք, Ագրարայինում յուրայիններից ում կարգեն ղեկավար և այդպես շարունակ:

Է՞լ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը բուհական համակարգի համար: Վա՜յ, քիչ էր մնում մոռանայինք: Նիկոլ Փաշինյանն անձամբ հանդես է եկել ակադեմիական, կներեք՝ «ակաՁեմիական» քաղաք ստեղծելու նյուվասյուկիական ծրագրով, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ակնհայտ ցնդաբանությամբ:

Եվ այն, որ ընդունելության քննություններից հետո պարզվում է, որ պետական բուհերի համար նախատեսված տեղերը անվճար կարգով՝ հարյուրներով, իսկ վճարովիի դեպքում՝ հազարներով թափուր են մնացել, փաստում է դառը իրականությունը. ժամանակին ԵՊՀ-ից դուրս թռած Նիկոլ Փաշինյանը լիովին վրեժխնդիր է եղել թե՛ համալսարանից, թե՛ բուհական համակարգից, այն կազմաքանդելով: Հիմա էլ շենքերը կդատարկեն, կվաճառեն անհասկանալի սուբյեկտների, իսկ մյուսներին էլ կլցնեն «ակաՁեմիական» քաղաք, ինչ-որ մի անկյունում:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը