Տնտեսական

25.12.2012 11:54


Շարունակվում են ՊԵԿ-գործարար ոլորտային հանդիպումները

Շարունակվում են ՊԵԿ-գործարար ոլորտային հանդիպումները

Պետական եկամուտների կոմիտեի` վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն է: Առաջնորդվելով այս սկզբունքով` կոմիտեն որդեգրել է հենց բիզնեսի հետ խնդիրները, օրենսդրական և վարչարարական փոփոխությունները համատեղ քննարկելու գործելաոճը: ՊԵԿ նախագահին կից գործող հատուկ աշխատանքային խումբը, որում ընդգրկված  են նաև ներկայացուցիչներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, պարբերաբար աշխատանքային քննարկումներ է կազմակերպում նրանց հետ: Շարունակելով ոլորտային հանդիպումներն` այս անգամ բաց երկխոսության էին հրավիրվել ՏՏ ոլորտի ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նրանց ներկայացրել է հարկային օրենսդրության և վարչարարության վերջին նորությունները: Մասնավորապես փոփոխություններ են կատարվել «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ստուգումների մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկային և սոցվճարների արտոնություններ սահմանելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքներում: Ըստ կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, ընդհանուր առմամբ մի քանի ուղղություններով են կատարվել օրենսդրական փոփոխությունները. «Գործարար միջավայրի բարելավման նպատակով ներդրվել է փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի գաղափարը, որը գալիս է փոխարինելու շահութահարկին: Մեկ այլ փոփոխությունով էլ պարզեցվել է հաշվետվողականության գործընթացը. 2013-ի հունվարի 1-ից եկամտային հարկի միասնական հաշվարկն էլեկտրոնային եղանակով ներկայացնելը բիզնեսին միաժամանակ հնարավորություն կտա իր գրասենյակից իրականացնել ամբողջ գործըթացը»:

Բարեփոխումների շրջանակում 2014թ. հունվարի  1-ից նախատեսվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը: Փոփոխություններով հստակեցվել են հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չհամարվելու դեպքերը: Իսկ հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու առումով սահմանվել է խախտման  օր հասկացությունը: Մեկ այլ դրույթով էլ  սահմանվել են եկամտային հարկի դրույքաչափերը` հարկվող եկամտի նկատմամբ: Ավելի քան 3 տարի առաջ սկիզբ դրված ՊԵԿ-ՏՏ համագործակցությունն այսօր շոշափելի արդյունքներ է արձանագրում. համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման և արդյունավետ կիրառման շնորհիվ, ՏՏ ոլորտի ընկերությունները մի շարք գործառույթներ արդեն իսկ իրականցնում են էլեկտրոնային եղանակով` հաշվետվությունների ներկայացում, հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում, մաքսային ձևակերպումներում էլեկտրոնային համակարգի կիրառում և այլն: Ի դեպ, բարեփոխումների փաթեթում ընդգրկված մի շարք հարցադրումներ և նախաձեռնություններ հենց բիզնեսից են հնչում. ոլորտում գործող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այդպիսի բազմաթիվ առաջարկություններ  է համակարգել և ներկայացրել կոմիտե, որտեղ էլ համատեղ քննարկվել և լուծում է տրվել բարձրացված հարցերին: Արդյունավետ գնահատելով պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վստահեցնում է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող խնդիրները կոմիտեի հետ համատեղ պարբերաբար վերլուծվում և հետևողական քննարկվում են: Այսօր, նույնպես, քննարկման մասնակից շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան անմիջապես կոմիտեի ղեկավարությունից լսել և լիարժեք պարզաբանումներ ստանալ իրենց հուզող հարցերի շուրջ»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը