Լրահոս

03.02.2014 12:57


ՀՀԿ–ն հաշվիչ հանձանաժողովում էլ է մեծամասնություն ուզում. թեժ իրավիճակ ԱԺ–ում

ՀՀԿ–ն հաշվիչ հանձանաժողովում էլ է մեծամասնություն ուզում. թեժ իրավիճակ ԱԺ–ում

Գազի պայմանագրի հաստատման հայտնի պատմությունից հետո, երբ ՀՀԿ–ի՝ ձեռքերով քվեարկության հաշվարկին հաշվիչ հանձնաժողովի ոչիշխանական անդամները չմասնակցեցին, ՀՀԿ–ն այժմ էլ ուզում է այդ հանձնաժողովում մեծամասնություն ստանալ։

Այսօր մեկնարկած քառօրյայում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ անհեթեթ իրավիճակներից խուսափելու համար առաջարկում են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմի համամասնությունը փոխել՝ 11 անդամներից 5 տեղ հատկացնելով ՀՀԿ–ին, 2 տեղ՝ ԲՀԿ–ին և մեկական տեղ՝ մյուս խմբակցություններին։

Արձագանքելով՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ մեծամասնությունը չի կարողանում աշխատել հավասար պայմաններում։

–ՀՀԿ–ն ցանկանում է խախտել հավասար պայմանները և ամեն տեղ ճնշող մեծամասնություն ունենալ։ Այս նույն պատմությունը տեղի ունեցավ նաև էթիկայի հանձնաժողովի դեպքում։ Մեծամասնությունը օրենքները փոխում է՝ հարմարեցնելով իրեն։ Մենք էլ առաջարկում ենք նախկին կարգը թողնել,–ասել է Ա. Ռուստամյանը։

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մեծամասնությունն այլ դիրքից չի էլ կարող խոսել։

–Դուք հիմա լինելով փոքրամասնություն՝ փորձում եք մեզ ճնշել,–նեղսրտել է Հ. Աբրահամյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս նկատել է, որ ՀՀԿ–ն ցանկանում է անհրաժեշտ քվորում ապահովել ցանկացած որոշում անցկացնելու համար։

–Այդպիսի բան չի՛ կարելի թույլ տալ,–ընդգծել է նա։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ եզրակացրել է՝ փաստորեն, մեծամասնությունն ընդունում է, որ գազի պայմանագրի քվեարկության օրը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը խափանվել է, իսկ եթե խափանվել է, ուրեմն հիմք չի կարող լինել նրա կայացրած որոշումը, հետևաբար նաև՝ գազի պայմանագիրն իրավական հիմք չունի։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ էլ՝ այդ օրն ապօրինություն է տեղի ունեցել, և այսօր ՀՀԿ–ն քայլեր է ձեռնարկում՝ ուղղված ապօրինությունների մեխանիզմն անխափան դարձնելուն։

–Եթե այս համամասնությամբ հաշվիչ հանձնաժողովը հաստատվի, ապա ես հայտարարում եմ, որ ՀԱԿ–ը հրաժարվում է մասնկացել հաշվիչ հանձնաժողովի հետագա աշխատանքներին,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

Ի վերջո, ՕԵԿ–ը 20 րոպե ընդմիջում է խնդրել, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով, բոլորին հասկանալու համար։

Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկել է այդ ընթացքում հավաքվել իր աշխատասենյակում և խորհրդակցություն անցկացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը