Քաղաքական

12.02.2014 18:27


Սամվել Աբրահամյանին և ՀԱԿ ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն (տեսանյութ)

Սամվել Աբրահամյանին և ՀԱԿ ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն (տեսանյութ)

Քիչ առաջ Սարյան փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ովքեր իրազեկում էին մարտի 1–ին նախանշված հանրահավաքը։ «7օր»–ի նախնական տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Սարքիս Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը, Անի Գևորգյանը, Դավիթ Վարդանյանը, Սերգեյ Գասպարյանը և ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։

Հենց նոր «7օր»–ը կապ հաստատեց Սամվել Աբրահամյանի հետ, ով ասաց, որ չգիտի՝ իրեն ինչու են տանում ոստիկանություն։

–Ինձ բերման են ենթարկում ոստիկանություն։ Ես թռուցիկներ չէի բաժանում, իսկ թե ինչու են տանում, երևի այնտեղ կբացատրեն,–ավելացրել է նա։

Ակտիվիստների խմբում է եղել նաև Տաթևիկ Պողպատյանը, ում խոսքերով՝ իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով 10–ից ավելի անձինք, նրանցից մեկն ասել է, որ իր անունը Գևոր է, մի բաժանե՛ք թռուցիկները, սկսել են քաշքշել Կոնգրեսի ակտիվիստներին, փորձել խլել թռուցիկները։ Այնուհետև, նրանց է միացել ոստիկանության գնդապետ Վարդան Գևորգյանը։

ՀԱԿ ակտիվիստները շտապ զանգահարել են Սամվել Աբրահամյանին, ով և քիչ անց դեպքի վայր է ժամանել, ներկայացել, սակայն ՀԱԿ ակտիվիստների հետ ոստիկանական մեքենա են նստեցրել նաև նրան։

Ի դեպ, Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լրագրողների էլ են բերման ենթարկել ոստիկանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը