Քաղաքական

24.02.2014 12:12


Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանին. «Ղալա՛թ ես անում, չաթլա՛խ»

Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանին. «Ղալա՛թ ես անում, չաթլա՛խ»

ԱԺ այսօրվա քառօրյայում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ուշադրություն է հրավիրել պաշտոնյաների ամբարտավան պահվածքի վրա՝ մասնավորապես հիշատակելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արտահայտությունը։ Հիշեցնենք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու ոչիշխանական ուժերի պահանջի մասին Հրայր Թովմասյանն ասել էր. «Ղալա՛թ են անում»։

–Սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև մի կողմից այդ խոսքերի հեղինակն արդարադատության նախարարն է, ով պետք է հարգի Սահմանադրությունը, մյուս կողմից էլ 4 քաղաքական ուժեր են՝ 53 պատգամավոր, իսկ համամասնականով եթե նայենք, ապա մեծամասնությունն են։ Այսինքն, արդարադատության նախարարը ոչ միայն վիրավորում է ԱԺ–ին, այլև այդ քաղաքական ուժերի հետևում կանգնած քաղաքացիներին,–ասել է Արմեն Ռուստամյանը։

Նա ավելացրել է, որ Հրայր Թովմասյանը փոխանակ ասի՝ սայթաքել եմ, ներողություն եմ խնդրում, մի բան էլ բացատրում է, թե «ղալաթը» արաբերեն բառ է, որը սխալ է նշանակում։

–Այդ բառարանային բառերը մենք էլ գիտենք։ Հիմա մենք էլ կարող ենք ասել՝ ղալա՛թ ես անում, չաթլա՛խ, ու թող չնեղանա,–հակադարձել է Ա. Ռուստամյանը։

Ռուստամյանի այս խոսքերից ՀՀԿ–ական պատգամավորները շատ են ոգևորվել։

–Ինչի՞ համար այդքան ուրախացաք, չեմ հասկանում,–արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,– պարո՛ն Բաբլոյան, ի՞նչ կա ուրախանելու։ Պետք է ասեմ, որ դա շատ վատ երևույթ է, մի՛ մոռացեք, որ մեր ապագա սերունդը լսում է ձեզ։ Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր վիրավորանք, և մեզ հարիր չեն նման քննարկումները։ Ես ցավում եմ այդ դեպքերի համար, և զարմացած եմ ձեր պատասխանից, պարո՛ն Ռուստամյան, ազնվորեն եմ ասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը