Քաղաքական

05.04.2014 13:24


Ն. Զոհրաբյան. «Վահան Բաբայանը բարիկադների կոչ չի արել»

Ն. Զոհրաբյան. «Վահան Բաբայանը բարիկադների կոչ չի արել»

Խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի խոսքը շարունակում է տարատեսակ շահարկումների առիթ հանդիսանալ: Այս առնչությամբ «Zham.am»-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից:

Նա նշեց, որ ոմանք համառորեն փորձ են անում դա մեկնաբանել որպես բարիկադների եւ ապստամբության ճանապարհով հեղաշրջման կոչ:
Ի վերջո, ի՞նչ է ասել Վահան Բաբայանը:

«Անկեղծ ասած, չեմ կարծում, թե այդտեղ շահարկելու բան կա, բայց եւ պատասխանեմ ձեր հարցին: Իմ երիտասարդ գործընկերը խոսել է շատ հստակ: Եւ եթե կա ցանկություն հասկանալու, թե ի՞նչ է իրականում ասել Վահանը, այլ ոչ թե նրա ասածի սեփական ընկալումները պարտադրել, կարող են կրկին անգամ լսել Վահանի խոսքն ամբողջության մեջ, եւ վստահ եմ, որ դրանից հետո որեւէ տարընթերցում չպիտի առաջանա: Վահանը, իհարկե, հեղաշրջման եւ բարիկադների կոչ չի արել. շատ հստակ ասվել է՝ եթե իշխանությունը չի գնում խնդիները շրջահայացորեն լուծելու ճանապարհով, ապա որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ չի կարողանալու կանխել հնարավոր բարիկադներն ու հնարավոր ցնցումները: Իսկ որ մեր երկրում առկա է սոցիալական լարվածության կրիտիկական աստիճան, եւ ցանկացած ոչ խոհեմ որոշում ու քայլ կարող է, այո՛, ցնցումների պատճառ դառնալ, կարծում եմ, առանց իմ երիտասարդ գործընկերոջ հայտարարության էլ պարզ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Zham. am

Այս խորագրի վերջին նյութերը