Քաղաքական

08.04.2014 12:34


Գ. Իսագուլյան. «Սերժ Սարգսյանը վարչապետ պետք է նշանակի 4 ուժերի միասնական թեկնածուին»

Գ. Իսագուլյան. «Սերժ Սարգսյանը վարչապետ պետք է նշանակի 4 ուժերի միասնական թեկնածուին»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի վրա արտաքին ազդեցությունն այնքան մեծ չէ, որ որևէ պաշտոնյայի հանել–նշանակելու հարցում դերակատարություն ունենա։

–Առավել ևս, որ մեկ օրում ՄՄ-ի ջատագովներ դարձած արևմտամետները շատ լավ էլ կատարողներ էին։ Եթե նրանք մնային կառավարությունում, չորեքթաթ և սողալով կմտնեին ՄՄ: Ուրիշ էլ ո՞ւմ բերեն, երբ մարդը պատրաստ է ինքնակամ ամեն ինչ անել: Սրանք բոբիկացած վազում էին,–ասել է Գ. Իսագուլյանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորելով ներքաղաքական իրավիճակով.

–Երազանքը վարչապետի հրաժարականը չէր: Գործելաոճը պետք է փոխվի, այլապես անձերի փոփոխությամբ իշխանությունը զուտ ժամանակ է շահում իրավիճակը լիցքաթափելու և 4 ոչիշխանական ուժերի միասնությունը քանդելու համար։ Եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականը ձևական քայլ չէր, Սերժ Սարգսյանը հիմա պետք է լուրջ բանակցությունների նստի 4 ոչիշխանական ուժերի հետ և վարչապետ նշանակի նրանց միասնական թեկնածուին։

Ստեղծված իրավիճակում Գ. Իսագուլյանը բացառում է Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրական փոփոխությունների գնալը՝ հետագայում վարչապետի պաշտոնը ստանձնելու և հավերժ կառավարելու նպատակով։

–Սերժ Սարգսյանը դրական իմիջով հեռանալու խնդիր ունի,–ասել է բանախոսը,–եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի 4 ոչիշխանական ուժերի միասնական թեկնածուին, այդպիսով երկրում առկա լարվածությունը կթուլանա, ինքն էլ իր իմիջը պահելու հնարավորություն կստանա: Հանուն պետականության՝ լավագույն լուծումը սա՛ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը