Քաղաքական

11.04.2014 14:41


«Սահմանադրական փոփոխություններով «գենսեկի» կարգավիճակով համակարգ է ձևավորվում»

«Սահմանադրական փոփոխություններով «գենսեկի» կարգավիճակով համակարգ է ձևավորվում»

«Անձամբ ինքս խորհրդարանական համակարգի կողմնակիցն եմ, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է Գագիկ Հարությունյանի կամ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից»,-Yerkir.am-ին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով երեկ նախագահին ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթին: Բոզոյանը շեշտեց, թե առաջարկված փաթեթը կիսակոմունիստական, կիսասովետական մոդել է ներկայացնում՝ նվազագույն դեմոկրատական տեսքը պահվում է, բայց ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և, ըստ էության, գենսեկի կարգավիճակով համակարգ է ձևավորվում:

«Փաստացի, խորհրդային մոդել է, հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ, ըստ էության, այս համակարգում և՛ հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ կողմից, և՛ վարչապետը, ով տեխնիկական բնույթ պետք է կատարի, բնականաբար, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ, հասկանալի է, որ այս համակարգը Սերժ Սարգսյանի համար է ձևավորվում, և, փաստացի, սա հայտ է այս մարդու իշխանության վերարտադրման համար»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, թե Հայաստանում կառավարման մոդելի ընտրության առումով սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների պայմաններում: Այսինքն, պարզաբանեց նա, եթե ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո՝ քննարկել, թե որ մոդելն է ընդունելի Հայաստանի պարագայում, ու նոր միայն՝ սահմանադրական հանրաքվե:

«Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի ստվերն է. հասարակությունը հասկանում է, որ այս համակարգն, ըստ էության, միջոց է, որպեսզի գործող նախագահը վերարտադրվի, և այդ պարագայում, բնականաբար, օբյեկտիվ քննարկում չի լինի: Այս համակարգով, ընդ որում' մեծամասնական ընտրակարգով, պետք է ընտրվեն լիսկաներն ու վարդանիկները, փաստորեն, դառնալու է լիսկաների ու վարդանիկների՝ օլիգարխիկ ԱԺ, հասկանում ենք, թե ով է լինելու այդ ԱԺ նախագահը. ընդ որում, այդ նախագահը հավերժորեն կարող է կառավարել: Քանի որ Սերժ Սարգսյանը սահմանադրորեն իրավունք չունի իշխանությունը վերարտադրելու, նրանք ստեղծել են այդպիսի մի խունջիկ-մունջիկ տարբերակ»,- ասաց Երվանդ Բոզոյանը և հավելեց, թե առաջարկվող փոփոխություններով ԱԺ լիազորություններն արհեստականորեն մեծացված են:

-Հասարակությունը դեռ չի հասկացել, թե ինչ է կատարվում,-նշեց Բոզոյանը, բայց մի քանի օրից բոլորը կհասկանան, որ սա խայտառակություն է, և լուրջ վտանգ է ներկայացնում: Այնպիսի վտանգ, որ, ինչպես նշեց Բոզոյանը՝ «Սերժ Սարգսյանը սա թաքցնելու համար մի ծիծաղելի բան է հրամցնում՝ ասելով, թե, իբր, ինքը, ըստ էության, դեմ է կիսանախագահական համակարգը փոխելուն, բայց Գագիկ Հարությունյանն առաջարկել է մի մոդել, որն այնքան էլ իր սրտով չէ: Այսինքն, նա վախենում է ռեակցիայից, ու եթե ռեակցիան լինի, նա կասի, որ դրա հետ կապ չունի. դա Գագիկ Հարությունյանն է առաջարկել»:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը