Քաղաքական

20.06.2014 14:20


Վահե Հովհաննիսյան. ԲՀԿ–ի նախընտրական դրույթներից մեկը պարտադիր կուտակայինը հանելն է լինելու(տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան.  ԲՀԿ–ի նախընտրական դրույթներից մեկը պարտադիր կուտակայինը հանելն է լինելու(տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ընդգծել է, որ իրենցից մեկը չի ուրախանում և ոգևորվում, երբ քվորում չի ապահովվում, և ԱԺ աշխատանքները հետաձգվում են։

–Բայց շատ ավելի լուրջ խնդիր է դրված. մենք չենք ուզում առանց օրենքները կարդալու և հանրության կարծիքն իմանալու՝ քվեարկել։ Երբ մի առավոտ բերում են հարյուրավոր էջեր և ասում են՝ պետք է քվեարկես, առաջացնում է պարզ մարդկային և քաղաքական ընդվզում։ «Բարգավաճ Հայաստան»–ում կա՛ն խելացի մարդիկ, սակայն հանճարեղ մարդիկ, ցավոք սրտի, չկան, և ոչ մեկը չի կարող մեկ րոպեում հազար էջ կարդալ և հասկանալ,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

Նա ավելացրել է, որ առանց օրինագծերին ծանոթանալու քվեարկելով՝ պատգամավորները խաղում են հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Նույնը վերաբերում է նաև պարտադիր կուտակայինի մասին Կառավարության ներկայացրած նոր նախագծին.

–Վերջին պահին բերվեց ծավալուն օրենք, և մեզ ստիպում են կիսադատարկ դահլիճում արագ քվեարկել և արագորեն ընդունել։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե թվում է, թե սրանով հարցը կլուծենք, իրականում չենք լուծելու, և հասարակության մեջ լարվածության անկում չի լինելու։

ԲՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը բերել էր խայտառակ նախագիծ, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարության բերածը՝ որպես թուղթ, կարելի է ասել՝ մեկ կամ գուցե երկու քայլ առաջ է, բայց հարցը տնտեսական և իրավական ձևակերպումների մեջ չէ.

–Սա զուտ քաղաքական խնդիր է, և շատ ավելի ճիշտ կլիներ՝ այսքան աղմուկից և քննադատություններից հետո ընդհանրապես հրաժարվեիք այս օրենքից և նոր Կառավարությունն ավելի հանգիստ պայմաններում և ոչիշխանական ուժերի ու շահառուների հետ մեկտեղ քննարկեր և նոր օրենք ձևակերպեր։

Հիշեցնենք, որ Կառավարության ներկայացրած նոր նախագծով՝ մասնավոր հատվածի համար պարտադիր կուտակայինը չի գործելու մինչև 2017թ. հուլիսի 1–ը։

–Մեկ բան ակնհայտ է՝ 2017թ. հուլիսի 1–ին լինելու են նո՛ր խորհրդարան և նո՛ր Կառավարություն։ Չափազանց մեծ է հավանականությունը, որ խորհրդարանի պատկերը և Կառավարության կազմը լինելու են ամենևին ա՛յլ։ Ես լիազորված եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության կողմից ասել, որ ԲՀԿ–ն՝ իր քաղաքական գործընկերների հետ մեկտեղ, խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու և նոր Կառավարություն կազմելու պարագայում այս դրույթը փոխելո՛ւ է, վերանայելո՛ւ է։ Եվ մեր հարյուր հազարավոր մասնավոր սեկտորի աշխատողները կարող են սա համարել որպես ԲՀԿ–ի նախընտրական դրույթներից մեկը,–հայտարարել է Վ. Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը