Քաղաքական

03.04.2014 14:49


Հրայր Թովմասյան. «Եթե որևէ անձի կողմից չկիրառվի Պարտադիր կուտակայինի օրենքը, ապա տվյալ անձը կտուգանվի» (տեսանյութ)

Հրայր Թովմասյան. «Եթե որևէ անձի կողմից չկիրառվի Պարտադիր կուտակայինի օրենքը, ապա տվյալ անձը կտուգանվի» (տեսանյութ)

«Որպես իրավաբան, որպես ՀՀ քաղաքացի՝ ինքս համոզված եմ, որ նման որոշումներն են, որ գալիս են երկրում ամրապնդելու իրավակարգը, ժողովրդավարությունը և ընդհանրապես ամրապնդում են իրավական պետության համակարգը ողջ երկրում»,-Կառավարության նիստից հետո վարչապետի հանձնարարությամբ հանդիպելով լրագրողների հետ` ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշման մասին:

Նա նաև ասաց, որ բոլորս պիտի շնորհակալություն հայտնենք այն իրականության համար, ինչ ունենք:
«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր ամբողջ քաղաքական համակարգը և մեր քաղաքացիական հասարակությունը գտնվում են որակական նոր փուլում: Քաղաքական ընդդիմությունը ցույց տվեց հասունության բարձր աստիճան, որը պայքարի հետևողականության դրսևորում էր: Մեր քաղաքացիական հասարակությունը ևս ցույց տվեց նման կեցվածք, նման դիրքորոշում` պայքարի սահմանադրորեն ընձեռնված իր հնարավորություններով: Դրանք այն ամենն էին, ինչ մենք այս ժամանակահատվածում տեսել ենք, ինչի համար մենք պետք է ուրախ լինենք»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Խոսելով մեկ այլ դիտարկման մասին, թե այս պայքարում ով պարտվեց, կամ ով հաղթեց, Թովմասյանն ասաց.
«Նման դեպքերում պարտվողներ և հաղթողներ չկան: Ես պատրաստ եմ առաջին պարտվողը լինել նմանատիպ տասնյակ գործերում, եթե դա նպաստելու է մեր իրավական համակարգի զարգացմանը: Չկա այդպիսի բան, որ մենք բարիկադի տարբեր կողմերում ենք: Տարբեր կարծիքներ ունենալը երբեք չպետք է թշնամացնի մարդկանց. մենք նույն խնդիրն ենք լուծում, բայց լուծումներն այլ կերպ ենք տեսնում»,- ասաց նախարարը:

Խոսելով նաև այն մասին, որ վերոնշյալ օրենքը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, նախարարն ասաց, որ, ըստ այդմ, բոլորը պետք է ենթարկվեն օրենքին, և եթե որևէ անձի կողմից չկիրառվի այն, ապա տվյալ անձը կտուգանվի:
Մանրամասները` տեսանյութում:
Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը